Loading...

Արմեն Բաբալարյան. Մալխաս Ամոյանը ապացուցեց, որ մի քանի գլուխ ուժեղ է բոլորից

Տրնավայում ավարտվեց ըմբշամարտի Երիտասարդական առաջնությունը, որտեղ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները նվաճեցին 1 ոսկե ու 2 արծաթե մեդալ:

Մեր ընտրանին նաև թիմային հաշվարկում բրոնզե մեդալի է արժանացել, ինչը աննախադեպ էր: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է արդյունքներից: ՀԸՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում Բաբալարյանը անդրադարձավ մեր մարզիկների ելույթներին:  

Տիգրան Մինասյան՝ ԱԱ արծաթե մեդալակիր

«Տիգրանը հաղթանակին շատ մոտ էր: 4:0 հաղթում էր, սակայն շտապեց: Նա ցանկանում էր արագ ավարտել գոտեմարտը և նվաճել հաղթողի կոչումը, սակայն շտապելը իր բացասական հետևանքը թողեց: Այսպիսի վճռորոշ գոտեմարտերում հանգստությունը մեծ դեր է խաղում»:

 Դավիթ Օվասապյան՝ ԱԱ արծաթե մեդալակիր  

«Ծանր քաշային կարգում նման արդյուն ունենալը իրոք ուրախացնող է: Եթե ժամանակին մենք զուտ հայկական էինք համարում թեթև և միջին քաշերը, ապա փորձը ցույց տվեց, որ աշխատանքից է կախված արդյունքը: Ճիշտ աշխատանքի և ցանկության դեպքում այսպիսի հաջողություններ են գրանցվում: Դավիթն էլ, կարելի է ասել, Տիգրանի նման սխալվեց՝ շտապեց: Մյուս տարի Օվասապյանն արդեն մեծահասակների մեջ է գոտեմարտելու, ուրախալի է, որ եկող լավ սերունդ ունենք»:

Մալխաս Ամոյան՝ ԱԱ ոսկե մեդալակիր

 «Մալխասը, կհիշեք երևի, անցած տարի կողմանակալ մրցավարության զոհ դարձավ: Սակայն մենք՝ մարզիչներս, երբ հետը զրուցում էինք, ասացինք, որ պետք չէ մրցավարների վրա կենտրոնանալ, մեղադրել: Պետք է 2-3 գլուխ ուժեղ լինել մրցակիցներից և հաղթել առանց հարց ու պատասխան: Այդպես էլ արեց: Նրա բոլոր մրցակիցները լավագույն ըմբիշներն էին այդ քաշային կարգում: Այնպիսի գոտեմարտերում հաղթեց, որ ԱԱ եզրափակիչը ամենահեշտը ստացվեց: Նա փայլուն ապագա ունեցող ըմբիշ է»:

 Երիտասարդական ընտրանին մարզումային հավաք կանցկացնի Օլիմպավանին՝ օգնելով մեծահասակների ընտրանուն պատրաստվել ԱԱ-ին: Մինչև տարվա վերջ հնարավոր է 2 միջազգային մրցաշարի մասնակցեն:

 

 

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther