Loading...

Ռոբերտ Խաչատրյան. Ըմբշամարտի ֆեդերացիան ինձ լավ վիճակում է փոխանցվել

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԸՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու, առաջիկա ծրագրերի և խնդիրների մասին:

 

-Պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք Ձեզ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպե՞ս ստացաք առաջարկը և ինչպե՞ս համաձայնեցիք այս պատասխանատու պաշտոնը ստանձնել:

 

-Դե, ես ֆեդերացիայի փոխնախագահն էի, գիտեք, պարոն Ռոստոմյանը, ով մինչ այս զբաղեցնում էր այդ պաշտոնը, հրաժարական տվեց: Ֆեդերացիայի անդամներով, ինչպես նաև մարզաձևի սրտացավ մարդկանց հետ քննարկեցինք հարցը, որոշեցին ինձ առաջադրել այդ պաշտոնում: Քվեարկության ժամանակ միաձայն ընտրվեցի նախագահ: Շնորհակալ եմ այս վստահության համար:

 -Ի՞նչ ժառանգություն եք ստացել պարոն Ռոստոմյանից:

-Ֆեդերացիան ինձ շատ լավ վիճակում է փոխանցվել: Մեծ խնդիրներ մասնավորապես չկան: Պահպանելու ենք եղածը և ձգտելու ենք անել ավելին:

 -Ի՞նչ ծրագրով եք Դուք եկել ֆեդերացիա:

-Դե, մրցաշրջանի կեսն է արդեն, նախապես գրված ծրագիրը իրագործում ենք` ըստ նախատեսվածի: Եթե անհրաժեշտություն լինի մի քանի ուսումնամարզական հավաքների, մրցաշարարերի, միգուցե դա փորձեմ կազմակերպել և կյանքի կոչել: Մյուս մրցաշրջանի և հետագա անելիքները կներկայացնենք, երբ դրա ժամանակը գա:

 -Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակի՞ ստանալ ՀԱՕԿ-ի աջակցությունը:

 Անշուշտ, Հայստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, միշտ կանգնած է եղել մեր կողքին, մենք մեծ նվաճումների ենք հասել միասին և շարունակելու ենք այդ ուղին:

 -Պարոն Խաչատրյան, ի՞նչ վիճակում են մեր հավաքականները` ըստ Ձեզ: Արժանի սերնդափոխություն տեսնո՞ւմ եք:

-Վերջերս ավարտված ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում նվաճած 5 բրոնզե մեդալները ցույց տվեցին, որ լավ երիտասարդներ ունենք, լավ վաղվա օր: Մեր տղաները հիմնականում պարտվում էին անփորձության հետևանքով: Բայց ճիշտ աշխատանքն ամեն ինչ կշտկի: Ըմբշամարտը Հայաստանում միշտ եղել է հենակետային մարզաձև, աշխատելու ենք ոչ միայն պահպանել դա, այլև ավելի առաջ գնալ:

 

Հ.Գ. Ռոբերտ Խաչատրյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 29-ին: 10 տարեկանից զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով: Հայաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև ԵԱ-ի և ԱԱ-ի մասնակից: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժինը: «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության տնօրենն է: 2017 թվականից զբաղեցնում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը՝ ազատ ոճի ըմբշամարտի գծով:

 

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther